top of page

Հայկական Փի Ար ասոցիացիան և «Eventiada IPRA GWA» ստորագրել են համագործակցության հուշագիր


Հայկական Փի Ար ասոցիացիան և «#Eventiada IPRA GWA» Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ և կենտրոնական Ասիայի ամենահեղինակավոր հաղորդակցության մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր, ինչն առավել մեծ հնարավորություն կտա հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, ինչպես նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերություններին, մասնակցել մրցանակաբաշխությանը և միջազգային մակարդակում ներկայացնել հաղորդակցության վերջին ձեռքբերումները, հանրայնացնել իրականացված աշխատանքները։

Հայկական Փի Ար ասոցիացիայի առաքելություններից է իր ծրագրերով և գործունեությամբ զարգացնել Հայաստանում հանրային կապերի և հաղորդակցության մշակույթը, արժևորել հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին և նրանց կողմից կատարվող աշխատանքը։ Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից հիմնադրված Հայկական PR մրցանակաբաշխությունը հետևողական քայլերից մեկն է, որ նոր չափանիշ է սահմանում հանրային կապերի պատասխանատուների համար, խթանում առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, հաղորդակցության մասնագետներին խրախուսում լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ: Հայկական PR մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա նոյեմբերին։

Իսկ միջազգային համագործակցությունը բերում է նոր հնարավորություններ... «Eventiada #IPRA GWA» միջազգային մրցանակաբաշխությունն այս տարի ավելացրել է իր անվանակարգերի թիվը՝ աջակցելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը։ Մրցանակաբաշխության անվանակարգերում հայտ կարող եք ներկայացնել մինչև նոյեմբերի 16-ը՝ հետևյալ հղմամբ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ Մոսկվայում (ՌԴ)։

Հայկական Փի Ար ասոցիացիայի անդամները կարող են հայտ ներկայացնել մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեին 15 % զեղչով։

Հիշեցնենք, որ «Eventiada IPRA GWA» մրցանակաբաշխությանը նախորդ տարի «Տարվա լավագույն միջոցառում» էր ճանաչվել Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության «Վարդավառ» միջազգային փառատոնը։



bottom of page