top of page

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ


Հանրային կապերի (PR) ոլորտում տարվա ամենակարևոր իրադարձությունը` Հայկական PR մրցանակաբաշխությունը, տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Beeline-ի աջակցությամբ։

Յուրաքանչյուր ոլորտում հաջողություններ կարող ես արձանագրել, եթե առկա է հանրության հետ կապը, փոխադարձ վստահությունը։ PR մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի հայկական ձեռքբերումները, զարգացնել և տարածել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

PR մրցանակաբաշխությունն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ և հիմնված է գիտական ուսումնասիրությունների և մասնագիտական անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձությունները «ստիպեցին» Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմին ուսումնասիրությունները բաժանել մի քանի փուլերի՝ ինչի արդյունքում դեկտեմբերի 20-ին կամփոփվի ավելի մեծ ժամանակահատված՝ ներառելով մինչհեղափոխական, հեղափոխական և հետհեղափոխական գործընթացները։

«Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային կապերը արժևորվում է Հայաստանում ինչպես մասնագիտական շրջանում, այնպես էլ պետական, քաղաքական և մասնավոր ոլորտների ղեկավար մարմինների կողմից։ Դրան միանշանակ նպաստում է նաև մրցանակաբաշխությունը, որի դիպուկ ուսումնասիրություններն արձանագրում են տեղի ունեցող զարգացումներն ու կանխատեսում առաջիկա գործընթացները։ Մեկ ակնթարթում կարելի է քանդել ամենը, սակայն փոխադարձ վստահության, հեղինակության ստեղծումը երկարատև, պլանավորված քրտնաջան աշխատանք է պահանջում։ Հայկական PR մրցանակաբաշխությունը միակ հարթակն է, որտեղ գիտական հետազոտությունների հիման վրա արժևորվում են հանրային կապերի մասնագետների կողմից իրականացված աշխատանքնները»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Այս տարի ավանդական անվանակարգերին` Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, Նորարարական PR և PR տեխնոլոգիա, ավելացել են ևս երկուսը՝ Տարվա կին և Սփյուռքի ԶԼՄ անվանակարգերը՝ դարձնելով PR մրցանակաբաշխությունը համահայկական իրադարձություն։

«ՀԲԸՄ Հայաստանը մեկտեղում է ջանքերը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ՝ առաջ քաշելով թափանցիկ և պատասխանատու հանրային հարաբերությունների կարևորությունը: Մեր նպատակն է՝ խրախուսել քաղաքացիների իրազեկվածությունն ու առավել ակտիվ ներգրավվածությունը՝ միաժամանակ խթանելով երկխոսությունը Հայաստանի և սփյուռքի միջև: Այս տարվա PR մրցանակաբաշխության համար մենք առաջարկել ենք ՀԲԸՄ-ի երկու հատուկ անվանակարգ՝ «Տարվա կին» և «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց», որոնք, անշուշտ, կհատկացվեն ամենաարժանավոր հավակնորդներին, որոնք կորոշվեն Ասոցիացիայի կողմից մեկ տարի շարունակ իրականացված ուսումասիրության և մշտադիտարկման միջոցով»,- նշում է ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը:

«Beeline-ն առաջին իսկ օրվանից եղել է այս մրցանակաբաշխության կողքին, հիանալի գիտակցելով, թե որքան կարևոր է ճիշտ կազմակերպել հետադարձ կապը հասարակության հետ։ Այն մասնագետները, ովքեր ամեն օր աշխատում են իրենց կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը ապահովելու և հանրությանը հստակ տեղեկատվություն հասցնելու համար պետք է գնահատված լինեն և իմանան այդ մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրային կապերի մասին տեղեկատվությունը քննարկել գիտական մակարդակում, կազմակերպել ուսուցողական ծրագրեր, քարոզարշավներ, մշակել PR ռազմավարություն, խորհրդատվությամբ զբաղվել և ֆորումների, սեմինարների և գիտաժողովների միջոցով քննարկել PR ոլորտի հիմնախնդիրներն ու տեսլականը: Մանրամասներին ծանոթացե՛ք www.armpr.org կայքէջից։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների 11 երկրում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը կոչված է պահպանելու հայական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն յուրաքանչյուր տարի փոփոխություն է բերում 500,000 մարդու կյանքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 1906 թ.-ից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում իր գերագույն նպատակին, այն է օժանդակել համայն աշխարհի հայերի բարօրությանը: Իմացեք ավելին՝ այցելելով www.agbu.org կայքէջը: Ծանոթացե՛ք ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերին www.agbu.am կայքէջից:

bottom of page