top of page

Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները


Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Երազ այգում տեղի ունեցավ ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, միջազգային կազմակերպությունների, Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Beeline-ի աջակցությամբ:

Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հանրային կապերի մասնագետների դերի բարձրացմանը, հանրային կապերի կարևորմանը՝ հասարակության հետ հետադարձ կապի ապահովման նոր մեթոդների ու տեխնոլոգիանների ստեղծմանն ու կիրարկմանը: Մրցանակաբաշխությունը նպաստում է մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ և առաջադեմ մտածողության զարգացմանը:

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն իր խոսքում նշեց. «Արդեն երկրորդ անգամ ենք իրականացնում PR ոլորտի համակողմանի ուսումնասիրություն: Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման է ենթարկվել ԶԼՄ-ում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում և տեսանյութ: Մշակված և թիրախավորված հարցաթերթիկներն առաքվել են 2025 փորձագետների, լրագրողների, խմբագիրների: Ձևավորվել են տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության տեր մարդկանց ֆոկուս խմբեր, ովքեր անկեղծորեն քննարկել և վեր են հանել ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները: Հավաքագրված արժեքավոր և նպատակային տեղեկատվության մշակումից հետո մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգի համար առանձնացվել է երեք լավագույն թեկնածու կամ ծրագիր, որոնցից հաղթողներին որոշել են Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամները՝ փակ, գաղտնի քվեարկությամբ»:

«Beeline-ը կարևորում է ինչպես հանրային կապերի, այնպես էլ հանրային կապերի մասնագետների դերը երկրի զարգացման գործընթացում։ Հրապարակային և թափանցիկ գործելաոճի շնորհիվ թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցը կարող է վստահություն ձեռք բերել, հաղորդակցական ուղիների կառավարում ապահովել, հասարակության կողմից տրված ազդակները վերլուծել և ձևավորել համապատասխան միջավայր: Յուրաքանչյուր կառույցի համար կարևոր է իր հեղինակությունը, և գրագետ PR-ի պարագայում հաջողությունն ապահովված է», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն էին՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը («P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ), Նաիրա Նազարյանը (Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ):

Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներն էին` Տարվա մամուլի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայան, Տարվա PR իրադարձություն՝ Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր. Հռոմի պապի այցը Հայաստան (ՀՀ ԱԳՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Տարվա իմիջային PR՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես՝ ՀՀ ԶՈՒ փառքի և հեղինակության ամրապնդման համար (ՀՀ պաշտպանության նախարարություն), Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան, Տարվա մշակութային PR՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն, Տարվա ԶԼՄ՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն, Տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, Տարվա ճգնաժամային կառավարում՝ Առաջնագծի տեխնիկական հագեցվածություն և արդիականացում (Արցախի պաշտպանության նախարարություն), Տարվա PR նախաձեռնություն՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Տարվա ֆինանսական PR՝ ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոն՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմության և դրամավարկային քաղաքականության հանրայնացման համար, Հայկական բրենդ՝ Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշ, Տարվա նորարարական PR՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոն, Տարվա PR տեխնոլոգիա՝ Հայաստան իմ սեր՝ (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Տարվա Հայաստանի բարեկամ՝ ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր: Հայկական PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակի են արժանանում՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ հանրային կապերի արժևորման և գրագետ հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման համար և Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը` հրապարակային և գրագետ աշխատանքի համար:

bottom of page