top of page

Գրագետ և փորձառու PR մասնագետների օգնությամբ Հայաստանում կձևավորվի PR մշակույթ. Աստղիկ Ավետիսյան



Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից ստեղծված PR դպրոցն սկսեց հերթական 5-րդ հոսքի դասընթացները: PR դպրոցի նպատակն է փոխանցել տեսական և գործնական գիտելիքներ և հմտություններ հանրային կապերի մասնագետներին: 130 դիմորդներից ընդունվել են 25-ը, ովքեր ներկայացնում են պետական գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, բուհեր, բիզնես ոլորտ, ինչպես նաև ԶԼՄ-ներ:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը կարևորեց տարեցտարի ավելացող դիմորդների հետաքրքրությունը, ինչը նշանակում է, որ հանրային կապերի մասնագետներն իրենք էլ գիտակցում են, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են գրագետ աշխատանք իրականացնելուն և դա հիմնականում պայմանավորված է ոչ ամբողջական մասնագիտական գործիքների կիրառման և հմտությունների բացակայությամբ: «Մենք հասկանում ենք, որ դժվար գործի ենք լծվել, բայց մեր խնդիրը ուսուցման գործընթաց կազմակերպելն է՝ ոչ ֆորմալ մեթոդաբանությամբ: Հայաստանում հանրային կապերի մասնագետների դերը պետք է բարձրացնել, իսկ դա միայն կարող ենք անել գրագետ և փորձառու PR մասնագետների օգնությամբ: Հպարտ եմ, որ մեր շրջանավարտները կարողանում են տարբեր ոլորտներում իրենց աշխատանքը ներկայացնել և հմտություններն ու ստեղծագործականությունը ծառայեցնել ի նպաստ գործի», - նշում է հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը:

PR դպրոցի համակարգող Արման Գրիգորյանն էլ առաջին հանդիպմանը նշեց, որ դպրոցում կարևորում են թիմային աշխատանքը, ինչը եռամսյա դասընթացների առանցքում է:

Հիշեցնենք, որ դպրոցը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայաստանյան և միջազգային PR դաշտում գործունեություն ծավալած մասնագետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց կողմից իրականացված մասնագիտական հնարքներին և գործիքներին, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին:


bottom of page