top of page

«Ինչպե՞ս կառավարել ղեկավարին». PR դպրոցում բանախոսեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը


PR դպրոցի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Պյատախինը լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի եւ բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ եւ կարդաց «Ինչպե՞ս կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն:

«Երիտասարդները Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ զբաղեցնում են կենտրոնական տեղ։ Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը եւ փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Ուրախ եմ հանդիպելու PR դպրոցի նախաձեռնող եւ ստեղծագործ ուսանողների հետ եւ նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ եւ կօգնի իրենց անձնական եւ մասնագիտական կրթության զարգացման գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«PR դպրոցն արդեն երկու տարի շարունակ հնարավորություն է տալիս հանրային կապերի մասնագետներին վերապատրաստվել, ձեռքբերել արդիական գիտելիքներ եւ հմտություններ: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության PR դպրոցում մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու տարբեր ոլորտներում աշխատող եւ արհեստավարժ գործունեություն ծավալող ղեկավարներին, ովքեր նպաստում են իրենց ընկերությունների եւ հանրության հետ գրագետ փոխհարաբերությունների ձեւավորմանն ու դրական կերպարի ստեղծմանը»- նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։

Նշենք, որ դասախոսությանն ներկա էին շուրջ 30 ուսանող։ PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել հանրային կապերի մասնագետների գիտելիքների եւ հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: Դպրոցի հիմնադիրն է հանդիսանում «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը։


bottom of page