• Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO

  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый
ARM

    Վարդավառ միջազգային փառատոն-2016


    Երգ, պար, ազգային խաղեր, տաղավարային ցուցադրություններ, աջից ու ձախից ցողացող ջրեր: Ահա այսպիսի «խառնաշփոթ» մթնոլորտ էր տիրում հուլիսի 3-ին հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում`Գառնիում և Գեղարդում: Պատճառը մեկն էր. նշվում էր մարդկանց ամենասիրելի տոներից մեկը`Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը կամ ինչպես հայտնի է Վարդավառը:

    Ամեն տարի տոնը հետաքրքիր նշելու, նորովի լուծումներով մատուցելու և ներկայացնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), որն արդեն 3-րդ տարին է մեծ հնչեղությամբ իրականացնում է «Վարդավառ» միջազգային փառատոնը՝ համեմված ամենատարբեր միջոցառումների շղթայով:

    Վաղ առավոտից բոլորը սրտի տրոփյունով սպասում էին փառատոնի մեկնարկին: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գառնիում: Հյուրերի համար մուտքն ազդարարվեց Վարդավառին նվիրված թեմատիկ տաղավարների բացմամբ, որտեղ յուրաքանչյուր մարզ ցուցադրում էր տոնին բնորոշ այն առանձնահատկությունները, ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները, որոնք ընդունված են իրենց բնակավայրերում: Մի տաղավարում Գեղարքունիքի մարզն էր, մյուսում՝ Սյունաց աշխարհի ներկայացուցիչները, հաջորդում`կոտայքցիները:

    Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ» միջազգային փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը ողջունելով բոլորին ասաց, որ նման ներկայացումներն իրենց հետ բերում են ոչ միայն ճանաչողական, կրթական ուղիներ, այլ նաև խթան են դառնում ավանդական, ազգային արժեքների վեր հանմանն ու պահպանմանը. «Մեր կազմակերպության թիրախային լսարան են կազմում երիտասարդները, և մենք առանձնակի ուշադրությամբ ենք մոտենում երիտասարդ սերնդի շրջանում ազգային արժեքների կրթմանը»,- Anews.am-ի հետ զրույցում նշեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը` հավելելով. «Այս միջոցառումներով փորձ է արվում երիտասարդներին, հայ հասարակությանը հաղորդակից դարձնել տոնի իրական ծագումնաբանությանը, վերհանել հայկական մշակույթը»:

    «Վարդավառ» միջազգային փառատոնին մասնակցում էին ինչպես տեղացիներ, այնպես էլ մեծ թվով զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր`վերածելով այն համազգային տոնի:

    Միջոցառումներն իրականացվում էին միաժամանակ և՛ Գառնիում, և՛ Գեղարդում:

    Գեղարդի վանքային համալիրում մատուցվեց սուրբ պատարագ, տեղի ունեցավ մատաղի և երիտասարդության օրհնության արարողակարգ: Ի դեպ, Գեղարդում հյուրերի բարձր տրամադրությունն ապահովում էր «Վահագն» դհոլահարների անսամբլը:

    Միջոցառումների ծրագիրը բավականին խիտ էր և բազմազան:

    Սուրբ օրհնություն ստանալուց հետո փառատոնի հյուրերը տեղափոխվեցին Գառնու տաճար: Մինչ բոլորը անհամբեր սպասում էին Վարդավառի ծիսակատարությունների բեմականացմանը, տաճարի ողջ երկայնքով բացվեց և ծածանվեց 125 մետրանոց երկարությամբ Հայոց եռագույնը` ի նշան հզորության և միասնականության: «Գաղափարախոսությունն է, որ աշխարհի հայերը վերադառնան հայրենիք: Դրոշի երկարությունը 125 մետր է, այն սիմվոլիկ է` 100-ը խորհրդանշում է 100-ամյա մեր Ցեղասպանությունը, իսկ 25-ը` մեր անկախությունը»,- նշեց գաղափարի հեղինակ, ազատամարտիկ Մուշեղ Գասպարյանը:

    Մարդկանց հայացքները չէի դադարում հիացական լինել, երբ սկսվեց ծիսակատարությունների բեմականացումը` «Վան» և «Ակունք» ազգագրական երգ ու պարի համույթների մեկնաբանությամբ: Ամենին հաջորդեցին ազգային խաղերը:

    Ի դեպ ամեն տարի փառատոնը կրում է յուրատիպ խորագիր: Այս տարի այն կոչված էր «Ազգային ավանդական խաղեր»:

    Միջոցառումը եզրափակվեց շուրջպարով` հաջորդ տարի հանդիպելու պայմանով:

    Փառատոնի հանրային կապերի պատասխանատվությունը կրում է Հայկական Փի Ար ասոցիացիան: