top of page

Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում



Այսօր՝ սոցիալական մեդիայի համաշխարհային օրը, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին հաղորդակցության և մեդիայի մասնագետներ, մի շարք ԶԼՄ-ների խմբագիրներ։

«Սոցիալական մեդիայի համաշխարհային օրը, մենք քննարկում ենք ոչ թե սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները, որպես հաղորդակցության կարևոր գործիք, այլև մի իրավիճակ, որտեղ #ատելությունը հասնում է ահռելի չափերի և դառնում վտանգավոր հանրույթի համար: Անկախ քաղաքական հայացքներից և մոտեցումներից՝ առցանց մամուլում և սոցիալական մեդիայում ատելությունը, գռեհկաբանությունն ու հայհոյաբանությունը չպետք է դառնան սովորական երևույթ», - իր խոսքում նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը։

Ելույթ ունեցան նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արմնյուզ» ՀԸ լրատվական դեպարտամենտի տնօրեն Աբրահամ Գասպարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Իրավական ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը, տեղեկատվական անվտանգության և մեդիայի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Քննարկումն առաջին քայլն էր՝ ուղղված մեդիայի և հաղորդակցության մասնագետներին միավորելուն, մեկնաբանություններն առավել վերահսկելի, իսկ մասնագիտական խոսքը լսելի դարձնելուն։

Հանդիպման վերջում Հայկական Փի Ար ասոցիացիան հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պետության բնականոն զարգացման կարևորագույն հիմնասյուներից է համախմբումն ազգային և հանրային մակարդակներում, անհատ-քաղաքացիների ներդաշնակ համագոյակցությունը՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Պետք է արձանագրենք, որ այսօր վտանգավոր չափերի է հասնում ատելության խոսքն ու այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Հատկապես վերջին տարիներին էական փոխակերպումների է ենթարկվել հանրույթի արժեհամակարգը, խեղաթյուրվել է համամարդկային և ազգային դիմագիծը, վիրավորանքը դարձել է հաղորդակցման ամենահաճախ հանդիպող միջոցներից մեկը։ Ստեղծված իրավիճակում մարտնչող տգիտության առջև ստիպված լռում են մասնագետներն ու փորձառուները՝ անձնական վիրավորանքներից, հերյուրանքներից և անթաքույց ատելությունից խուսափելու համար։

Հանրային առողջ մթնոլորտի ձևավորման հարցում մեծ դերակատարություն ունեն զանգվածային լրատվամիջոցները՝ անկախ իրենց տեսակից, ինչպես նաև հաղորդակցության մասնագետներն ու հանրային կարծիք ձևավորող անհատները։

Գիտակցելով հանրային համախմբման, առողջ քննադատության, ազատ խոսքի արժեքը, միաժամանակ ստանձնելով հանրային միջավայրի առողջացման, քաղաքացիների կրթման և դաստիարակման պատասխանատվությունը, նպատակ ենք հետապնդում լուսանցքում թողնելու բոլոր այն հակահասարակական ուղերձներն ու խոսքը, որոնք պառակտում են մեր պետական, ազգային, հանրային ներդաշնակ համագոյակցությունը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք լրատվամիջոցների կայքերի և սոցիալական հարթակներում ԶԼՄ էջերի մեկնաբանությունները դարձնել վերահսկելի, հեռացնել յուրաքանչյուր վիրավորական խոսք, հայհոյանք, ոչ պատշաճ արտահայտություն, անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հայացքներ կամ նախապատվություններ ունենք։ Ատելության խոսքը, վիրավորանքը, հայհոյանքն ու անպարկեշտ վերաբերմունքը չպետք է լինեն սովորական երևույթ և ամրապնդվեն հանրային ենթագիտակցության մեջ։ Մասնավորապես, սոցիալական մեդիայի գրագետ կառավարման շնորհիվ ապագայում մենք կկարողանանք ակնկալել հանրային վարքագծի, մտածելակերպի և արժեհամակարգի դրական փոփոխություն ինչպես անհատական, այնպես էլ՝ հավաքական հարթությունում։ Միայն միացյալ ուժերով հնարավոր կլինի հասնել նպատակին, այն է՝ ձևավորել կիրթ, բարոյական, այլակարծության և քննադատական առողջ խոսքի հանդեպ քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորող անհատ և հասարակություն։

bottom of page