top of page

Կարեն Կարապետյանն իր կերպարով կարող է շատ բան փոխել քաղաքական միջավայրում. Աստղիկ Ավետիսյան



Կարեն Կարապետյանի՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը մեծ քննարկումների առիթ հանդիսացավ: ՀայՄեդիա.AM-ը զրուցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ, փորձելով հասկանալ, թե ինչպիսի՞ն է Կարեն Կարապետյանի քաղաքական իմիջը:

-Եթե խոսենք վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի քաղաքական իմիջի մասին, ապա որպես PR մասնագետ, ի՞նչ առանձնահատկություններ կամ տարբերություններ կառանձնացնեք: Ինչո՞վ է տարբերվում Կարեն Կարապետյանը մեր քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչներից:

-Եթե վերլուծելու լինենք Կարեն Կարապետյանի կերպարը, ապա նախևառաջ ընդգծենք նրա յուրահատկությունները: Իմիջի չորս տեսակ գոյություն ունի՝ հաբիթար, վերբալ, կինետիկ և միջավայրային:

Այս չորս տեսակն էլ շատ լավ են արտահայտված ապագա վարչապետի կերպարում:

Հաբիթարը՝ նրա արտաքին տեսքն է: Հաճելի, ներկայացուցչական տեսք ունի՝ համակրելի տղամարդ է: Հանդերձանքին մեծ ուշադրություն է դարձնում, սանրվածքը գործնական տղամարդկանց հատուկ սանրվածք է, փողկապների հավաքածուն շատ ինքնավստահ տղամարդկանց է հատում, հաճախ օգտագործում է վառ գույներով, ինչպես նաև զարդանախշերով փողկապներ: Հաբիթար իմիջի տեսանկյունից համակրելի և ներկայացուցչական լինելն արդեն առավելություն է:

Վերբալ իմիջի տեսանկյունից գրագետ է, համակարգված ելույթներ է ունենում, խոսքում գրագետ դադարները ստիպում են, որ ունկնդիրը կամ դիտողը ավելի ուշադիր լինեն: Ձայնի հնչերանգը դրական ազդեցություն ունի:

Կինետիկ իմիջը՝ շարժուձևն է, միմիկաները, ժեստերը: Կարեն Կարապետյանը երիտասարդ տղամարդու ակտիվություն է ցուցաբերում, հաճախ միմիկաները մեծամիտ մարդու տպավորություն են թողնում, բայց իր հետ շփվող մարդիկ դրական են գնահատում նրա շփումներն աշխատակիցների, շրջապատի մարդկանց հետ:

Միջավայրային իմիջը՝ սա այն տարածքն է, կամ միջավայն է, որտեղ ձևավորվում է կերպարը: Մամուլի արձագանքներն հիմնականում դրական են, բայց կան նաև հրապարակումներ, որոնցով փորձում են պախարակել ապագա վարչապետին՝ ընդգծելով նրա հարստությունը: Բայց մի բան է ուռած փորով, փնթի, կենցաղային և ոչ գրագետ հարուստի մասին խոսել, մեկ այլ բան է գրագետ կառավարչի մասին խոսել: Կարեն Կարապետյանն իր կերպարով կարող է շատ բան փոխել քաղաքական միջավայրում:

-Հասարակության կողմից բազմանշանակորեն ընդունվեց վերջինիս՝ վարչապետի թեկնածու լինելու մասին լուրը: Հայ հասարակության աչքին ինչպիսի՞նն է Կարեն Կարապետյանը:

-Վերևում արդեն ասացի, որ միանշանակ չէ վերաբերմունքը ԶԼՄ-ների կողմից կամ սոցիալական ցանցերում գրառումների տեսանկյունից, սակայն հասարակության զգալի մասի համար սա հույսի նշույլ է: Զարգացած, գրագետ, լայն մտահորիզոնի տեր կառավարիչը, եթե թույլ տան քաղաքական որոշ շրջանակներ, կամ եթե Նախագահ Սերժ Սարգսյանն անվերապահորեն վստահի վերջինիս, ապա նա կարող է գնալ փոփոխությունների ճանապարհով, կոտրել կարծրատիպերը, օգտագործել իր փորձառությունն ու կառավարչական հմտությունները: Այսօր Հայաստանն իսկապես ճգնաժամային իրավիճակում է, և արագ արձագանքման, արագ քայլեր ձեռնարկելու ժամանակն է:

-Արդյո՞ք Հայաստանի քաղաքական դաշտում Կարեն Կարապետյանը կկարողանա նոր շունչ բերել, նոր մոտեցումներով՝ ինչի հույսն ունեն նրա սատարողները:

-Հետևելով Կարեն Կարապետյանի գործունեությանը, ես հավատում եմ, որ մենք փոփոխությունների ճանապարհին ենք:

Կարեն Կարապետյանը՝ ի տարբերություն շատ այլ քաղաքական գործիչների, չի վախենում աշխատել կանանց հետ: Մեր երկրում որոշումները կայացվում են բացառապես տղամարդկանց միջավայրում, կանայք վստահելի չեն, նրանք ձևական բնույթ են կրում շատ հարցերում, անում են ամենասև գործը, բայց դափնիները միշտ պատկանում են տղամարդկանց:

Կարեն Կարապետյան քաղաքական գործիչը չի վախենում աշխատել կանանց հետ, հենց այս հանգամանքն էլ բերելու է լուրջ փոփոխությունների: Կանայք երկիրը սիրում են իրենց ընտանիքի պես, երբեք չեն մտածում շահ ունենալու մասին: Խելացի կանանց ներուժը պետք է օգտագործել երկրի բարգավաճման գործում: Այնպես որ, ապագա վարչապետ Կարեն Կարապետյանին մաղթում եմ հաջողություն, չընկճվել, չհիասթափվել, որովհետև ահռելի գործ ունենք անելու:

Հայկանուշ Ալոյան


bottom of page