Անծանոթ միջավայր, անծանոթ սենյակ ու օտար դեմքեր․․․Այդ պահին չես էլ գիտակցում, որ միառժամանակ անց ոտքերդ ակամա ու առանց գիտակցելու քեզ կտանեն դեպի այդ կողմ, իսկ մարդիկ էլ այդժամ կդառնան հոգուդ հարազատ ու, միգուցե նաև, հետագա լավ ընկեր կամ համախոհ։
Երկարատև դադարից հետո կրկին սովորողի կարգավիճակում եմ, չնայած, լայն իմաստով, մենք ամբողջ կյանքում ենք այդ կարգավիճակում։ Այդպիսին է ներկայիս արագընթաց կյանքի դրվածքը․ինքնակատարելագործման ու ինքնամաքրման միջոցով ես դառնում հասարակության մասնիկ, լավ մասնագետ և, պարզապես, դառնում մարդ ու մնում մարդ։ Եթե չսովորես, ուղեղդ չմարզես, ուղղակի ամենուր լուսանցքից դուրս կլինես։
Թերևս այս փաստը լավ գիտակցելով էլ հավաքվել ենք մի խումբ մարդիկ՝ մասնակցելու Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող PR դպրոցի հերթական դասընթացին։ Մեզնից մեկը լրագրող է, մյուսը՝ ՏՏ ոլորտի աշխատակից, հաջորդը՝ թարգմանիչ, մյուսները՝ ուսանողներ և այլն, բայց հենց այս բազմազանությունն էլ յուրօրինակ կոլորիտ է հաղորդել մեր խմբին։
Բոլորս տարբեր ենք, բայց՝ միաժամանակ կապված մի ընդհանուր թելով։ Բոլորս էլ եկել ենք դասընթացից առավելագույնը քաղելու, սովորելու, ինչու չէ նաև՝ մեր գիտելիքներով կիսվելու փափագով։ Ի դեպ ասում են՝ որքան տալիս ես, կրկնակին ստանում ես, հետևաբար՝ գիտելիքով կիսվելու հարցում ժլատ չպետք է լինել։ Դրա մասին է հուշում նաև դպրոցի կարգախոսը՝ «Սովորել սովորեցնելով»։ Իմ կարծիքով ավելի լավ հնարավոր չէր մտածել։
Առաջին դասն անցավ անկաշկանդ մթնոլորտում, առանձնապես ճիգ էլ պետք չեկավ գործադրել սեփական կոմպլեքսները մի կողմ դնելու կամ տաբուներ կոտրելու համար։ Բանալին կարծես թե գտել եմ․գաղտնիքը դասընթացավարների մեղմ ժպիտների ու հանգիստ ձայնի տոնայնության մեջ է։
Երկու ժամը թռավ երկու վայրկյանի պես։ Այդ ընթացքում հասցրեցինք կիսվել միմյանց հետ մեր մտահոգություններով ու դասընթացից ակնկալվող սպասելիքներով։ Ինչպես և ենթադրում էի, գրեթե բոլորիս մտահոգում էր ժամանակի գործողը, թե արդյոք կհասցնե՞նք երեք ամիսների ընթացքում «ճաշակելու PR-ի նրբություններն իրենց ողջ հմայքով»։