top of page

PR դպրոցի և երջանկության հորմոնների փոխկապակցվածությունը

«PR դպրոցի և երջանկության հորմոնների փոխկապակցվածությունը»


Հասմիկ Խաչատրյան․ PR դպրոցի ուսանող
Հասմիկ Խաչատրյան

Վերջերս ուսումնասիրում էի ժամանակակից մարդու կյանքում հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման դերը և դրանց միավորող ընդհանուր գործիքակազմը: Ընթացքում տրամաբանորեն հասա երջանկության հորմոններին: Մի շատ հաճելի պահի հասկացա, որ անընդհատ մտքիս գալիս է մեր PR դպրոցը: Նույնիսկ հիմա գրելիս երջանկության հորմոններիս մակարդակը աճում է, քանի որ այս թեման առաջացնում է դրական էմոցիաներ: Եվ նախապես էլ եմ երջանկանում՝ պատկերացնելով, թե ինչ լավ նյութ է ստացվելու:


Ի՞նչ է երջանկության հորմոնը:

Հորմոնները մարդու մարմնի տարբեր գեղձերի կողմից արտադրվող կենսաբանորեն ակտիվ նյութեր են: «Հորմոն» տերմինը հունարենից նշանակում է «շարժել», «առաջացնել» և հստակ սահմանում է այդ «քիմիական սուրհանդակների» գործառույթները։

Երջանկության հորմոններ են համարվում սերոտոնինը, օքսիտոցինը (վազոպրեսսին), դոֆամինը և էնդորֆինը:

Մարդու մոտ հորմոնների մակարդակը օրվա ընթացքում տատանվում է: Ամեն հինգշաբթի ինձ մոտ այդ մակարդակը բարձրանում է, քանի որ հինգշաբթի օրերին PR դպրոցում դասի ենք: Այն սկսում է բարձրանալ դեռ չորեքշաբթի օրվա վերջում, հինգշաբթի դե բարձր է, և պահպանում է իր ազդեցությունը հաջորդ օրերին:

Սերոտոնինը անհրաժեշտ է մարդուն լավ տրամադրության, քնի, ուղեղի աշխատանքի, հիշողության, ցիրկադային ռիթմի՝ բիոլոգիական ժամացոիյցի բնականոն աշխատանքի համար: Սերոտոնինի բավարար մակարդակ ունենալու համար պետք է վարել ակտիվ կյանք, հաճախ լինել մաքուր օդին և արևին, ճիշտ սնվել և այլն: Իսկ այդ ամենը իմանալու համար պետք է գիտելիք ունենալ, ինչը և ստանում ենք PR դպրոցում:

Օքսիտոցինը (վազոպրեսսին) հաճախ անվանում են «գրկախառնությունների հորմոն» և նա պատասխանատու է հանրային կապերի ձևավորման և պահպանման համար: Այն օրգանիզմում ակտիվ արտադրվում է, երբ մարդը զգում է սեր, վստահություն, շնորհակալություն, քնքշանք: Օքսիտոցինի բավարար մակարդակ ունենալու համար պետք է հաճախ լինել ձեզ համար հաճելի, սիրելի, հարգելի մարդկանց և ընկերական միջավայրում, շփվել տնային կենդանիների հետ: Այս բոլորն էլ է ապահովված PR դպրոցում (նույնիսկ բակում գեղեցիկ փիսոներ կան):

Դոֆամինը պատասխանատու է մոտիվացիայի, հիշողության, ուշադրության, կոգնիտիվ ֆունկցիաների, որոշումներ կայացնելու, մայրական և վերարտադրողական վարքագծի համար: Այն մղում է աշխատելու նպատակների իրականացման և մեծացնում է բավարարվածությունը ստացված արդյունքից: Եթե կասկածում և դանդաղում ես՝ դոֆամինդ ցածր է: Երբ ստանում ես գովեստ բարձրանում է դոֆամինը, զգում ես հպարտություն, հաճույք և հաջողակ լինելու զգացողություն: Այն պատասխանատու է նաև կախվածությունների համար: Քո բաժին դոֆամինն էլ է PR դպրոցում:

Էնդորֆինները ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնում են էյֆորիայի զգացողություն, ունեն ցավազրկող ազդեցություն: Այն որ PR դպրոցի դասերը ցավազրկող են կփաստեն մեր խմբի ուսանողները: Ես դասերի ընթացքում մոռանում եմ «ցավերս», հեշտությամբ կենտրոնանում եմ թեմայի վրա, ինչը շատ երկար ժամանակ չեր հաջողվում ինձ մոտ, շատ արագ կորցնում էի հետաքրքրությունը:

Պարզվում է, որ մենք ի զորու ենք վերահսկենք և ինքներս նպաստենք երջանկության հորմոնների մակարդակի աճին, մեր կյանքի որակի բարելավմանը: Օքսիտոցինն ու սերոտոնինը ապահովում են հաջողակ հանրային, սոցիալական փոխազդեցությունը, դոֆամինը՝ ամեն տեսակ գործունեություն (աշխատանք, հոբբի), էնդորֆինն էլ՝ ընդհանուր հանգստությունն ու խաղաղությունը: Բոլորն էլ անհրաժեշտ են և պահանջվում է պահպանել այդ հորմոնների քանակի հավասարակշռությունը: Դրա համար պարբերաբար անհրաժեշտ է փորձել ինչ-որ մի նոր բան՝ սովորել լեզուներ, նոր մասնագիտություն, հմտություն, ստեղծել նոր կապեր: Արդյունքում առաջանում են նոր նեյրոններ և հորմոններ: Ուսումնասիրեք շրջապատող աշխարհը, մարդկանց, կրկնօրինակումը հորմոնների համար օգտակար է: Որպես վառ օինակ կարող եմ բերել PR դպրոցին մասնակցությունը, որտեղ ծանոթանում ես անչափ հետաքրքիր և յուրահատուկ մարդկանց հետ, սովորում ես ոլորտի հիմնադիր–մասնագետներից, ձևավորում ես նոր նեյրոններ և առաջանում են երջանկության հորմոնները:

Երջանկության հորմոններով հարուստ մարդու համար բնական է իրենից հետո սերունդներին մնայուն արժեք թողնելը: Սեփական ձեռքբերումներով ստեղծած նյութական և հոգևոր արժեքները, մեզ դարձնում են երկարաժամկետ երջանիկ, փոխանցվում են սերունդներին:

Եվ այսպես բացահայտեցինք PR դպրոցի և երջանկության հորմոնների փոխկապակցվածությունը: Ինչպես կասեր Հենրիխ Մխիթարյանը.

«PR դպրոցն ինձ երջանկության հորմոններ է տալիս»:


Նյութի հեղինակ՝

PR դպրոցի ուսանող Հասմիկ Խաչատրյան


bottom of page