top of page

PR դպրոցի դասերի մեկնարկը տրվեց հայտնի մասնագետ Վազրիկ Բազիլի բանախոսությամբ


Վազրիկ Բազիլը դաս վարեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և Հայաստանի PR դպրոցի ուսանողների համար:

Վազրիկ Բազիլը բազմաթիվ ճանաչված քաղաքական գործիչների համար գրել է թիրախավորված ճառեր և PR խորհրդատվություն է մատուցել Եվրոպայի խոշորագույն ընկերություններին և կորպորացիաներին։

Ներկաներին բացման խոսքով ողջունեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը:

Նաղաշ Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Այսօր մենք հյուրընկալել ենք կենսագրություն ունեցող մարդու, իսկ կենսագրություն ունեցող մարդը նաև ասելիք ունեցող մարդ է»:

Աստղիկ Ավետիսյանն ուրախությամբ ներկայացրեց Վազրիկ Բազիլի կենսագրությունը և հայտնեց, որ հայտնի ճառագիրը «Հայաստանի Փի Ար ասոցիացիայի» պատվավոր անդամ է ճանաչվել 2016 թվականին և Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահ: Այս տարի ևս պարոն Բազիլը համաձայնեց նպաստել Հայաստանում PR ոլորտի զարգացմանը` մասնակից դառնալով մրցանակաբաշխության աշխատանքներին։

Ճառագիր Վազրիկ Բազիլը դասախոսությունը սկսեց լսարանին ճառագրության մասին հարցեր տալով, ապա ներկայացրեց ճառագրության նպատակները, որոնք նույնանում են հաղորդակցության 5 նպատակների հետ՝ տեղեկություն փոխանցել, կարծիք փոխել, դիրքորոշում ձևավորել, գործողություն կատարել և ի վերջո՝ մշակույթ փոխել: Հայտնի մասնագետը շեշտեց, որ լավ ճառը պերճախոսությունը չէ. կարող է՝ անգրագետ խոսվի, բայց եթե համոզում է՝ ճառը լավն է։

Ըստ մասնագետի՝ ճառագիրների կարիք զգացվում է համարյա բոլոր ոլորտներում. նրանք անհրաժեշտ են քաղաքական, տնտեսական թեմաներով ելույթներ, վերջացրած մահախոսականներ գրելու ժամանակ։ Բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ըստ նրա, նախընտրելի է, որ ելույթը պատրաստի մասնագետը՝ ճառագիրը և բացի պատրաստելուց, նաև ներկայացնի, թե ինչպես մատուցել այն:

«Ամենալավ ճառն այն է, երբ բանախոսը ազատ է խոսում, որովհետև հաղորդակցություն է ստեղծում լսողի հետ»,- ասաց նա՝ ներկայացնելով, որ Գերմանիայի պարագայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ունեն իրենց համար ճառագրեր, քանի որ նրանք պարզապես ժամանակ չունեն ճառեր պատրաստելու համար:

Նա նաև առանձնացրեց ճառ գրելու 5 քայլերը՝ հետազոտում, դասավորություն, բանաձևում, հիշողություն, արտաբերում:

Բազիլը լսարանի ուշադրությունը հրավիրեց մենախոսությանը՝ ասելով, որ շատ կարևոր է խոսել ինքդ քեզ հետ շպարվելիս, շան հետ զբոսնելիս: Մենախոսության ժամանակ գաղափարներ են ծնվում:

Ճառագիրն անդրադարձավ նաև ֆրեյմավորմանը. «Հաղորդակցության մեջ անմեղություն չկա»: Մեկնաբանելով ֆրեյմավորումը՝ նա անդրադարձավ ցանկացած երևույթի ու իրողության վերաբերյալ դրական կամ բացասական տեսանկյունից խոսելուն: Ըստ նրա՝ գերմանական հասարակությունում բացասական ենթատեքստով օգտագործում են «ատոմային» բառը, դրական իմաստով՝ «միջուկային»-ը: Եվ կախված բառընտրությունից՝ լսարանը վերաբերմունք է ձևավորվում:

Կարևորելով հիշողությունը՝ որպես հաջողակ ճառի մի մաս, նա նշեց, որ հնում հռետորներն իրենց խոսքի բովանդակությունը կապել են միջավայրի առարկաների հետ, այսինքն՝ տեսնելով դուռը՝ հիշել են խոսքի սկիզբը, սեղանը եղել է խոսքի բովանդակության հիմնական մասը:

Այժմ Բազիլն առաջարկում է ճառը հիշելու շատ հետաքրքիր միջոց՝ խոսքի բովանդակությունը կապակցել սիրելի ֆիլմի տեսարանների հետ: Այդպես աշխատում է պատկերավոր հիշողությունը:

Բազիլը ներկայացրեց գերմանական մի հետազոտություն, ըստ որի՝ ելույթի ընթացքում լսարանի 56%-ը կարևորվում է հռետորի շարժուձևը, 23%-ը՝ ձայնը, 21%-ը՝ բուն խոսքը: Նա նաև կարևորեց լռությունը, քանի որ լսարանը շատ բան է հասկանում հռետորի այս կամ այն պահին լռելուց:

Նա անդրադարձավ նաև այն կարծիքին, թե Հայաստանը «հողի տակ» հարստություն չունի, այնինչ երկրի հարստությունը «հողի վրա է»՝ մարդկանց ուղեղը, ներուժը:

Հանդիպման ընթացքում ծավալված քննարկումն ամփոփվեց հարցուպատասխանի ձևով:


bottom of page