ՀԱՅԿԱԿԱՆ PR
ԱՍՈՑԻԱՑԻԱ
Լիզա Գասպարյան
Գործադիր կազմի անդամ
Բարև :) Ես Լիզան եմ, ապրում եմ Գյումրիում և Գյումրիով... Բասենցու և մշեցու արմատներով գյումրեցուս կարիերան էլ միահյուսված է բացառապես քաղաքիս շուրջ։ Լրագրող եմ, գրում եմ միմիայն գեղեցիկ, մշակութային, չբացահայտված, կոլորիտով Գյումրու մասին։ Գյումրիում արդեն 20 տարի իր գործունեությամբ հայտնի ‹‹Տրանս Ակնթարթ›› տրանսպորտային կազմակերպությունում հանրային կապերն եմ վարում` աշխատելով հազարավոր մարդկանց հետ, որոնց օգնում, ուղղորդում և մեր ծառայությամբ ուղեկցում ենք դեպի Գյումրի, որ գան աշխըրքի կենԴրոնը տեսնին։ ‹‹ՄարՄար›› զբոսաշրջային ընկերությունում մարքեթինգ տնօրեն եմ և միաժամանակ զբոսավար։ Իմ վարած տուրերից հետո հյուրերս ոչ միայն սիրահարվում են իմ պատմական քաղաքին, այլ նաև բնակարան են փնտրում Գյումրու անշարժ գույքի շուկայում։ /Սա գլուխգովանություն չհամարեք, կոնկրետ փաստեր ունեմ :) / ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում PR պատասխանատու եմ, այս դեպքում մեր գեղատեսիլ մարզի բացահայտմամբ եմ զբաղված։ Բիզնեսի կառավարման և հանրային կապերում ձեռք բերած հմտություններս ու փորձառությունս ոչ ֆորմալ կրթության ոլորտում փոխանցում եմ սկսնակներին։ 7 տարի քաղաքական PR-ում եմ ‹‹տապակվել››, աշխատել եմ ԱԺ-ում, բայց գործարար միջավայրն ինձ ավելի հարազատ է։ Սիրողական պարի խմբում կարծեք թե վատ չեմ պարում :) Ֆրանսիական խոհանոցում որպես խոհարար` շեֆի չեմ ձգի, բայց օգնականի` հաստատ, վերջերս եմ ավարտել դասերը :) Թենիսի կորտն է հիմա ինձ կանչում։ Մեծ մարդ եմ, հեծանիվ վարել չգիտեմ։ Բոլոր նորմալ մարդկանց նման ճանապարհորդում եմ, գնում արշավների. բացահայտումների հարատև փուլում եմ։ Գլուխներդ չտանեմ, բայց մի կարևոր փաստ էլ ասեմ. սիրում եմ աշխատել մարդկանց հետ, շփվել, հաղորդակցվել, հարաբերություններ կառուցել։ Գյումրի օր եկաք, ձեն կը հանեք :)