ARM

PR դպրոցի վերջին դասը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը


«PR» եզրույթը վերջին շրջանում հաճախ է կիրառվում երիտասարդների կողմից: Շատերը ցանկանում են դառնալ այդ ոլորտի մասնագետներ և ավելի խորը պատկերացումներ կազմել հանրային կապերի գործիքների, տեխնոլոգիաների ու գաղտնիքների մասին:

Շուրջ մեկ տարի առաջ հանրային կապերի մասնագետներին իր օգնության ձեռքը մեկնեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հիմնելով Հայաստանում առաջին PR դպրոցը:

Դպրոցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագետների և երիտասարդների շրջանում և արդեն երեկ հաջողություն մաղթեց իր երկրորդ սերնդին:

PR դպրոցի ուսանողների համար օրը սպասված էր, չէ՞ որ դպրոցում իրենք ընկերացել են, միասին կատարել բազմաթիվ առաջադրանքներ, լսել դասախոսություններ ու փոքր քայլերով մտել PR-ի մեծ աշխարհ:

Շրջանավարտների վերջին «կանգառը» ՀՀ սփյուռքի նախարարությունն էր, որտեղ երիտասարդներին գրկաբաց ընդունեց նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ներկայացրեց երկար տարիների իր մասնագիտական փորձը, խորհուրդներ տվեց երիտասարդներին ու պարզապես մտերմիկ զրույց ունեցավ:

Հրանուշ Հակոբյանն իր խոսքում կարևորեց հանրային կապերի գրագետ մասնագետների դերը Հայաստանի ապագայի կերտման և Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման գործում:

«Պետք է լավ մասնագետներ դառնաք, իսկ լավին հասնելու համար միշտ պետք է աշխատել ու սովորել: 21-րդ դարը գաղափարի ու նորարարության դար է, եթե 10 տարի կատարելագործվեք, հաջորդ 50 տարին կքաղեք Ձեր աշխատասիրության պտուղները: Այն մարդիկ, ովքեր ինքնագոհությամբ են զբաղվում, չեն հասնում ոչինչի»,- նշեց տիկին նախարարն ու կոչ արեց ներկաներին օրենքին հետևել ու օրենք պաշտպանել:

«Ես քաղաքականության մեջ եմ, բայց քաղաքական գործիչ չեմ: Պաշտոնը պարտականություն է, տառապանք ու պատասխանատվություն, այլ ոչ հակառակը: Մեր հասարակությունը կին պաշտոնյաներին ավելի է «դատում», քան տղամարդկանց: Մեր հասարակության մեջ հաճախ են խոսում կանանց իրավունքներից: Երբեք մի´ խոսեք կնոջ իրավունքների մասին, քանի որ կնոջ իրավունք չկա. կան մարդկային իրավունքներ: Մարդկային իրավունքներ ասելով պետք է հասկանալ և՛ տղամարդկանց, և՛ կանանց իրավունքներ, սակայն պետք է խոսենք մայրության իրավունքների մասին: Ազնվությունն ու արդարությունը Ձեզ ուղեկից թող լինեն»,- հավելեց նախարարը:

Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը թվարկեց իր աշխատանքային ձեռքբերումներից և առանձնահատուկ կարևորությամբ շեշտեց, որ մի շարք օրենքներ ընդունվել են իր «անզիջում» պայքարի արդյունքում:

«Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոն ընդունելու համար շատ եմ ջանք թափել: Սակայն, անասելի ուրախություն ու հպարտություն ես զգում, երբ աշխատանքդ տալիս է իր արդյունքն, ու օրենքն ընդունվում է»,- նշեց նախարարը:

Հ. Հակոբյանն իր նկատառումներն ու դիտարկումները ներկայացրեց պետական համակարգում հանրային կերպարի ձևավորման առանձնահատկությունների և պաշտոնյա կանանց պատշաճ տեսքի, հրապարակային ելույթների առանձնահատկությունների մասին: Նա նշեց նաև իր կերպարային տարրերը:

«Իմ կերպարի համար պարտական եմ մանկավարժ ծնողներիս: Հայրս երկու բան է միշտ պահանջել. աշխատանքում նվիրված ու արդար լինեմ և երբեք ուրիշներից սպասելիք չունենամ: Ես միշտ առաջնորդվում եմ հորս պատգամով, որն էլ ինձ բոլոր պարագաներում շատ է օգնում: Ինչ վերաբերում է բրենդներին, ապա երբեք դրանցով չեմ տարվել նաև այն պատճառով, որ դրանք հազարներից բարձր արժեք ունեն, սակայն չեմ կրել նաև անճաշակ հագուստ: Ընտրեք Ձեր ոճը, որը կհամապատասխանի Ձեր կերպարին: Իմ ոճը դասականն է»,-նշեց նախարարն ու կատակեց՝ «բոլոր հարցերում լուծումներ գտնում եմ, բացի մազերիցս, որոնք շատ դժվար են հարդարվում»:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփելով անցած ամիսների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները՝ ներկայացրին կատարված ավարտական աշխատանքները, որից հետո նախարարը PR դպրոցի շրջանավարտներին հանձնեց ավարտական դիպլոմները:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ PR դպրոցը հնարավորություն է այն մասնագետների համար, ովքեր ուզում են հարստացնել իրենց գիտելիքները և աշխատանքում կրեատիվ մոտեցում ունենալ: «Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է մասնագետների խումբ, որոնց մեծ մասը խորքային գիտելիքներ չունի: Մենք օգնում ենք մեր գործընկերներին ծանոթանալ մասնագիտության գաղտնիքներին: Արդեն երկրորդ խումբն է ավարտում և մեզ մոտ ավանդույթ ձևավորվեց, որ վերջին դասը պետք է վարի հասարակությանը հայտնի հանրային կերպար, ով անցել է երկար և հետաքրքիր ճանապարհ: ՀՀ սփյուռքի նախարարը հենց այդ կերպարն է, ով անկեղծ ներկայացրեց իր անցած ճանապարհը, դժվարություններն ու ձեռքբերումները, ով Հայրենիքի մասին խոսելուց հուզվում էր ու ոգևորված ներկայացնում դժվարությամբ, բայց հիմնավոր արձանագրած հաջողությունները»:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը PR դպրոցի շրջանավարտներին պատգամեց ապրել մեր մեծերի հատկապես այս երեք պատվիրաններով.

«Տուր ինձի Տեր ուրախություն անանձնական». Մեծարենց

«Կյանքում ինձի ինչ մնաց, ինչ որ տվի ուրիշին, տարօրինակ այս միայն». Թեքեյան

«Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար». Թումանյան


PR դպրոց

Ուսուցողական հանդիպումների ընթացքում երիտասարդներն ունկնդրել են ՀՀ առաջատար PR մասնագետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց դասախոսությունները:

PR դպրոցի երկրորդ հոսքում իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են փոխանցել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Վարդան Ասոյանը, Լոս Անջելեսի Կալիֆորնիա պետական համալսարանի դասախոս Մերի Բողոսյանը, «Այ Փի Էս Սի» - Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փորձագետ Նազարեթ Սեֆերյանը, մարքեթինգի և հաղորդակցության փորձագետ Արամ Մկրտչյանը, Առաջին լրատվականի մեկնաբան, ք.գ.թ. Աբրահամ Գասպարյանը , «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԿԲ այցելուների կետրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ԵՊՀ դոցենտներ Խաչիկ Գալստյանն ու Աստղիկ Ավետիսյանը:

Սպասենք PR դպրոցի հաջորդ մեկնարկին:

Լիլիթ Սեդրակյան