top of page

ԶԼՄ ներկայացուցիչները` հայկական մամուլի մասին



Հայ մամուլն ավելի քան 200 տարվա պատմություն ունի: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ: Slaq.am-ը ԶԼՄ ներկայացուցիչ-խմբագիրների հետ զրուցեց այսօրվա հայկական մամուլում առկա խնդիրների և գրանցված առաջընթացի վերաբերյալ:

Երևանի պետական համալսարանի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., հասարակական գործիչ, լրագրող Աստղիկ Ավետիսյան.

Եթե նախկինում նորությունը համեմատում էին ձկան հետ, նպատակ ունենալով ընդգծել այն հանգամանքը, որ նորությունը մեկ օր հետո հնություն է, ինչպես ձուկը ջրից դուրս մեկ օր հետո փուշ է թողնում, ապա այսօր իրավիճակն ամբողջությամբ փոխվել է: Նորություն հաղորդելու համար վայրկյաններն էլ կարող են ուշ լինել: Զանգվածային լրատվության միջոցների ներկապնակը բազմազան է դարձել, միայն թե մռայլ ու մուգ գույներն ավելացել են: Յուրաքանչյուր տեղեկատվություն փոխանցող օղակ պետք է պարտավորվի իր ուսերին վերցնել հանրույթին դաստիարակելու, ուսուցանելու գործառույթը՝ անկախ նրանից ինչ տիպի արտադրանքի տարածող է: Այսօր լուրջ խնդիր ունի տպագիր մամուլը: Այսօր դեռ կա այն ընթերցողը, ով ամեն օր գնում է թերթեր, ցավոք սրտի, դա երիտասարդ սերունդը չէ: Տպագիր մամուլի գործը բարդանում է. առցանց լրատվամիջոցից պետք է տարբերվի, միաժամանակ օգտագործելով ուշադրություն հրավիրելու հնարքները:

«Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյան.

Շնորհավորում եմ բոլոր հայ լրագրողներին։ Ցանկանում եմ, որ ավելի ըմբոստ լինեք ձեր խմբագիրների հետ։ Երբ նրանք փորձում են խմբագրել, կամ փոխել տեքստը, տեսանյութը կամ ռադիոնյութը այնպես, որ ձեզ թվում է, թե լրագրողական աշխատանքի արդյունքը աղավաղվել է ապա դուք անպայման պետք է վիճեք, մինչև վերջ պաշտպանեք ձեր տեսակետը։ Դա չի նշանակում, որ ես կոչ եմ անում ընդհանրապես չլսել խմբագրին։ Մեզ մոտ կան նաև շատ լավ խմբագիրներ, որոնց աշխատանքի շնորհիվ հաճախ ոչ այնքան բարձրորակ լրագրողական գործը դառնում է կատարյալ, հետաքրքիր և հասկանալի մարդկանց համար։ Իբրև լավ լուր հայ լրագրության համար, կարող եմ ասել, որ աստիճանաբար լրատվական դաշտում ձևավորվում է անհատ լրագրողը։ Սա այն լրագրողն է, որը դուրս է գալիս իր լրատվամիջոցի սահմաններից և դառնում է ինքնուրույն երևույթ։ Այդպիսի լրագրողներ կան արդեն և նրանց պարզապես կարդալը, լսելը և դիտելը հաճելի է և օգտակար։ Չեմ ցանկանում անուններ նշել, բայց դրանք կան։ Ես ունեմ մի քանի սիրած թոք շոու թե Հայաստանում, թե Ռուսաստանում և թե Միացյալ Նահանգներում և միշտ հետևում եմ դրանց։ Լրագրությունը զարգանում է, կանգնած չէ տեղում։ Այն զարգանում է նաև մեզ մոտս։ Լրագրողները պետք է գտնեն և դիտեն Չարլի Ռոուզի թոք շոուն։ Նրա հարցազրույցի տեխնիկան շատ բացառիկ է և շատ ուսանելի։ Խորհուրդ կտամ հետևել նրա աշխատանքին։ Ի դեպ կարծում եմ պատահական չէր, որ Վլադիմիր Պուտինը հենց նրան էր ընտրել Ամերիկյան լրատվամիջոցներին հարցազրույց տալու համար։ Իսկ լավագույն մոդերատորը իմ կարծիքով, որը դժբախտաբար այլևս մեզ հետ չէ Փիթեր Ջենինքսն է, ABC հեռուստակայանի գիշերային լրատվական ծրագրի ղեկավարը, որը մինչև այսօր էլ մնում է անգերազանցելի։

Արմնյուզ լրատվականի խմբագիր Լուսինե Մուրադյան.

Մեր մամուլը կարծես բնության գրկում լինի. մեկ խուլ անտառում է հայտնվում, մեկ էլ` բաց դաշտում... ...աստված չտա, որ բետոնապատ քաղաքում պարփակվի:

«Պառլամենտ» ամսագրի հիմնադիր և խմբագիր Գայանե Ջհանգիրյան.

Նախեւառաջ ուզում եմ շնորհավորել իմ գործընկեր լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին Հայ մամուլի օրվա առթիվ: Առհասարակ, լրագրողական աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, քանի որ առաքելություն ունենալով լուսաբանել, ներկայացնել եւ լսելի դարձնել հասարակությանը այս կամ այն իրողությունը, չխեղաթյուրել, այլ արձանագրել փաստերը, կարծում եմ ինքնին պատասխանատու աշխատանք է: Ես դրական եմ գնահատում Հայ Մամուլի աշխատանքը եւ մաղթում եմ գործընկերներիս մասնագիտական ձեռքբերումներ…

Orer.am լրատվական կայքի խմբագիր Վարուժան Բաբաջանյան.

Լրատվական դաշտը հագեցած է, ներկայացված են թե քաղաքական դաշտի ամբողջ ներկապնակը, թե հասարակական սեկտորը: Ժամանակի հետ որակի աճ ունենք, հատկապես համացանցային լրատվամիջոցներում, համեմատած շատ ավելի զարգացած երկրների նույն դաշտի հետ՝ անգամ բավականին լավ արդյունքներ ունենք: Ինչ վերաբերվում է մամուլի ազատությանը՝ չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, այո՛, կա մամուլի ազատություն, և առնվազն ԱՊՀ տարածքում այդ առումով մենք հմիանշանակ առաջատարն ենք:

Araratnews.am լրատվական կայքի խմբագիր Ալեն Սիմոնյան.

Այսօրվա մամուլը ինձ չի գոհացնում, այն կարելի է ազատ համարել միայն, եթե համեմատենք Ադրբեջանի հետ: Եթե ելնենք ընդհանուր չափանիշներով, մեր մամուլը ազատ համարել չի կարելի, այն կարելի է համարել ուղղորդվող մամուլ, նույնիսկ, լրատվական կայքեր կան ու մի քանի թերթեր, որ մամուլ անվանելն անգամ վիրավորական է: Ես շնորհավորում եմ իմ կողմից բոլոր իրական լրագրողներին ու մամուլով իսկապես զբաղվողներին: Ես ինձ չեմ համարում մամուլի վառ ներկայացուցիչ, ես ինձ չեմ կարող լրագրող անվանել, դա շատ բարձր կոչում է:

Mitk.am լրատվական - վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյան.

Ինչ վերաբերում է հարցերին. Այսօրվա մամուլը միատարր չէ, լրատվամիջոցները և լրագրողները բաժանվել են մասերի` իշխանական, ոչ իշխանական, այս կամ այն կլանին ծառայող և այլն: Այլևս չկա երբեմնի համքարությունն ու դրա պատիվը պահելը: Առաջընթաց գրանցում են որոշ լրատվական կայքեր և թերթեր, այն առումով, որ դրանցում տեղ են գտնում բացի լրատվությունից, վերլուծություններ ու գրեթե հստակ է, դրանք արևմտամետ են, թե ԵՏՄ շրջանակներում: Ազգային առանձին դրսևորումներ էլ լինում են, սակայն թերևս ոչ ազդեցիկ:


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page