«Հանրային կապերի (PR) դպրոց»-ը հաջողություն մաղթեց իր առաջին շրջանավարտներին: Երեկ տեղի ունեցավ PR դպրոցի վերջին դասը, որը նույնպես լի էր հետաքրքիր մտքերով, տեխնոլոգիաներով ու PR տարրերով:
Երիտասարդները, ովքեր նախօրոք խմբերի էին բաժանվել ներկայացրին իրենց աշխատանքներն ու փորձեցին ցույց տալ այս երեք ամիսների ընթացքում կուտակած պաշարն ու գիտելիքները:
Եռամսյա դպրոցի ունկնդիրներն այս ընթացքում ծանոթացան Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձեւավորված փորձին: Ուսուցողական հանդիպումների ընթացքում երիտասարդներն ունկնդրեցին ՀՀ PR դաշտում գործունեություն ծավալած վարպետների, ոլորտի նախկին եւ գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց ելույթներն ու հաջողված փորձի օրինակները:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանի խոսքերով՝PR դպրոցը դրական էմոցիաների ու ստեղծագործական մթնոլորտ ապահովելու հնարավորություն ստեղծեց:
«Հաճախ ակադեմիական կրթությունը հնարավորություն չի տալիս իրագործել այն մեթոդներն ու տեխնոլոգիաները, որոնք դու կարող ես լսարանում անել, որովհետեւ կա ուսումնական ծրագիր, եւ դասախոսը շարժվում է ուսումնական ծրագրին համապատասխան: Ոչ ֆորմալ միջավայրում կազմակերպիչը հնարավորություն ունի ուսումնասիրելու լսարանի պահանջմունքները, հասկանալու լսարանի թույլ կետերը, հետո նոր ձեւավորել ուսումնական ծրագիրը: Սա էլ PR դպրոցի առավելությունն է: PR դպրոցում հավաքվեցին տարբեր ոլորտներում աշխատող PR մասնագետներ, ինչպես նաեւ ուսանողներ, որոնք հստակ հասկանում էին որտեղ են եկել, ինչու եւ ինչ ակնկալիքներ կարող են ունենալ: Եվ իրենց ակնկալիքներին համապատասխան կազմակերպվեց եռամսյա ծրագիրը: Ես հպարտորեն կարող եմ ասել, որ PR կրթության ոլորտում մենք հեռանկարային ծրագրեր ունենք եւ լավ աշխատելու դեպքում կարող ենք դառնալ տարածաշրջանային կենտրոն»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը:
Վերջին դասի շրջանակում մասնակիցներին նաեւ հանձնվեցին դիպլոմներ ու շնորհակալագրեր, ինչից հետո բոլորը միասին համտեսեցին PR տորթը:
«Ամեն ինչ շատ լավ էր: Հրաշալի տպավորություններ ու անսահման դրական բառեր»,- PR դպրոցի մասին այսպես արտահայտվեց մասնակից Սոխակ Մելքոնյանը:
PR դպրոցի սան Դիանա Ղազարյանը նույնպես ոգեւորված է նախագծով:
«Ծանոթանալով պրոֆեսիանալ եւ հաջողության հասած մասնագետների հետ՝ մեզանից շատերը վերցրին նրանց փորձը, ոմանք էլ ուղղություններ ստացան: Հետաքրքիր էր իմանալ այն նախագծերի մասին, որոնք իրականացվել էին տարբեր ոլորտներում»,-նշեց Դիանան:
Համակարգող Արման Գրիգորյանն էլ հավելեց, որ նախքան նախագծի մշակումը, «Հայկական Փի Ար ասոցիացիան» ուսումնասիրել է ամերիկյան, բրիտանական եւ այլ երկրների PR դպրոցների նախագծերը, ինչի շնորհիվ PR դպրոցը դարձել է հարթակ, որը միեւնույն ժամանակ կարողանում է պատրաստել գրագետ PR մասնագետների եւ վերազինել գործող մասնագետներին նոր գիտելիքներով եւ հմտություններով:
Նշենք, որ PR դպրոցների հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր ամսին: