top of page

Երբ հաճելին և օգտակարը մեկտեղվում են PR դպրոցում



«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախաձեռանած «Հանրային կապերի (PR) դպրոց»-ի մասնակիցներն ամեն շաբաթ հյուրընկալում են PR ոլորտում նշանակալի դերակատարություն ունեցող անձանց: Դպրոցի նպատակն է ծանոթացնել Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին, պատրաստել հանրային կապերի կատարյալ մասնագետներ, ովքեր կկարողանան ճիշտ ու գրագետ իրականացնել իրենց գործառույթները:

Հանդիպումների ընթացքում մասնակիցները PR աչքերով ուսումնասիրում են տարբեր ոլորտներ՝ քաղաքական, մշակութային, պետական, կոմերցիոն... Ծանոթանում PR-ի հարակից մասնագիտություններին, PR գործիքներին և տեխնոլոգիաներին: Այս անգամ դպրոցի հյուրն էր «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մերուժան Սարգսյանը, ով ներկայացրեց տեղեկատվության տարածման գործընթացում երկրի իմիջի ձևավորման բաղադրիչները: Բանախոսը հակիրճ, բայցևայնպես, հանգամանալից խոսեց «Միր»-ի աշխատանքների մասին, անդրադարձավ հեռուստատեսության և հանրային կապերի ընդհանրություններին:


Մերուժան Սարգսյանը նշեց, որ «Միր» հեռուստառադիոընկերության խնդիրը լուր ստեղծելն է. «Մենք զբաղվում ենք լուրի արտադրությամբ, սա այն հարթակն է, երբ PR գործիքների կիրառմամբ փոխանցում ենք լրատվություն: Կարելի է ասել, որ անուղղակիորեն զբաղվում ենք PR գործունեությամբ»,- նշեց բանախոսը՝ հավելելով. «Մենք կարիք ունենք այլ երկրներին ներկայացնելու Հայաստանը և այստեղ է, որ լրագրությունն ու PR ոլորտը խաչվում են իրար»:

Անդրադառնալով հանրային կապերի պատասխանատուների գործառույթներին՝ բանախոսը առանձնացրեց մի քանի նրբություններ. «PR մասնագետը իր ուսերին կրում է մեծ պատասխանատվություն: Ոլորտի մասնագետը պետք է լինի շփվող, աշխատասեր, տիրապետի խոսքի մշակույթին, ունենա կրեատիվ մտածողություն»:

Ինչպես փաստեց Մ. Սարգսյանը՝ PR գործիքների ճիշտ կիրառմամբ, հանրային կապերի մասնագետը կարող է շատ ու շատ խնդիրներ լուծել:

Հանդիպման վերջում հյուրը մասնակիցներին առողջություն մաղթեց, պարզաբանելով, որ միայն առողջ մտքի առկայությամբ կարելի է ոլորտում նոր մտքեր ու գործիքներ առաջարկել:

Բանախոսի պատրաստվածությունը, պատրաստակամ վերաբերմունքն ու պրոֆեսիոնալիզմը գրավեց PR դպրոցի մասնակիցներին:





bottom of page