ARM

Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար



Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) նախաձեռնել էր բարեգործական մի ձեռնարկ, որի շնորհիվ այսօր օգնություն է ցուցաբերվել Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներին: Այս մասին հայտնում են ԵԱԴ-ից:

Դարբնիկը փոքրիկ գյուղ է, որի շուրջ 1400 բնակիչների 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, իրաքահայ և ադրբեջանահայ ընտանիքներ են: Այս անձիք, անցնելով դժվարին և վտանգավոր պայմանների միջով, հաստատվել են Հայրենիքում:

Նրանց կենսապայմանները բարվոք չեն, բացակայում են անհրաժեշտ կենցաղային պայմաններ, տրանսպորտի խնդիրը նույնպես դեռևս չլուծված առաջնային խնդիրների շարքում է: Այս ամենի հետ մեկտեղ Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքներն ունեն նաև հասարակական-քաղաքացիական կյանքում ներգրավվելու խնդիր: Երիտասարդական ակումբների դաշնության «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» բարեգործական ձեռնարկի նպատակն էր Ամանորի նախաշեմին դույզն-ինչ թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը. Դարբնիկ գյուղի բնակիչներին բաշխվել է ավելի քան 16 արկղ հագուստ, 7 արկղ խաղալիք, գրենական պիտույքներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր:

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երիտասարդական ակումբների դաշնությանը, որն արդեն երկրորդ անգամ է այցելում մեր գյուղ և օգնում դժվարին պայմաններում ապրող ընտանիքներին», - իր խոսքում նշել է Դարբնիկի գյուղապետ Դավիթ Գզիրյանը:

«Դարբնիկի դպրոցահասակ երեխաների պատրաստած ամանորյա փոքրիկ միջոցառումը հագեցած էր հայրենասիրության ոգով ու լավագույն փոխհատուցումն էր մեր կազմակերպության կամավորների, բազմաթիվ բարերարների կատարած աշխատանքի դիմաց», - ասել է ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը, ավելացնելով, որ նրանք արդեն սեփական հայրենիքում են և սեփական օրինակով հայրենասիրության դասեր են տալիս շատերին:

Երիտասարդական ակումբների դաշնության այս նախաձեռնությանը միացել և իրենց ներդրումն են ունեցել նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Արարատյան Հայրապետական թեմը, Չարենցավանի երիտասարդական ակումբը, «Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, Երևանի կանանց միջազգային միավորումը, մի շարք անհատներ Հայաստանից ու Սփյուռքից:


  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO